ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ


    

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Վերջին զանգի ղողանջների ներքո իրենց 12 տարիների դպրոցական կյանքը մեկ ակնթարթում ամփոփեցին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 2 դպրոցների շրջանավարտները:

ժամը 9:30-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում տեղի ունեցավ վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, դասղեկ Գոհար Մուրադյանը,  12-րդ դասարանի աշակերտների դասվարները, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Դասղեկի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով: Նրանք հրաժեշտի իրենց խոսքերն ասացին, մի քանիսը` արցունքախառն աչքերով:

This slideshow requires JavaScript.

Հուզված էին թե՛ ուսուցիչները, և թե՛ աշակերտներն ու ծնողները: Յուրաքանչյուրի աչքերում երևացող արցունքները հավաստում էին, որ ամեն մի ծնող մտքերով թևածում է հեռուներում՝ մտորելով իր երեխայի ապագայի շուրջ:

Մալիշկա գյուղի գյուղապետ պարոն Մհեր Մովսիսյանն իր ֆինանսական աջակցությունն էր ցույց տվել գյուղի 2 դպրոցների շրջանավարտներին:

Շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, դասղեկը, ուսուցիչներն ու ծնողները:

Վերջին զանգը

<< Գիտելիք>> համալսարանի ավագ դպրոցում

Ժամը 11:00-ին Եղեգնաձորի  <<Գիտելիք>> համալսարանի ավագ դպրոցի շրջանավարտները նույնպես կազմակերպել էին ավարտական միջոցառում: Նրանք հիշեցին դպրոցական հետաքրքիր դրվագներ, ներկայացրին հումորային մանրապատումներ, հնչեցրին ուսուցիչներին գովերգող ամենաջերմ բարեմաղթանքներ: Նրանք  իրենց երախտագիտությունը հայտնեցին  ուսուցիչներին` տարիների ընթացքում ձեռք բերած հարուստ գիտելիքների համար,  որը կօգնի  կյանքի դպրոցում ավելի խոհեմ և առաջադեմ լինել:

This slideshow requires JavaScript.

Ավարտական միջոցառմանը ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, <<Գիտելիք>> համալսարանի ավագ դպրոցի տնօրեն Գնել Դովլաթյանը, ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտների ծնողներն ու հարազատները:

Թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին: Շրջանավարտները տոնական օրվա առթիվ իրենց սիրելի ուսուցիչներին ծաղիկներ նվիրեցին: Հնչեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր:

Վերջին զանգի միջոցառումների ավարտին Եղեգնաձորի դպրոցների ու <<Գիտելիք>> համալսարանի ավագ դպրոցի շրջանավարտներն իրենց քայլերն ուղղեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր նրանց օրհնեցին Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանն ու Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Բարի երթ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ