ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԸ` ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ


Նոյեմբերի 18-ին` ժամը 14:30-ին, Եղեգնաձորի առաջնորդարանում ՔԴԿ-ի կողմից կազմակերպվեց <<Հին Կտակարանը`մանուկների աչքերով>> նկարների ցուցահանդես, որին ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ամերիկյան դեսպանատնից ներկայացուցիչ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, <<Սյունիք>> ԲՀԿ-ի աշխատակազմը, թեմի սաները, Եղեգնաձոր քաղաքի, Մալիշկա, Ագարակաձոր, Գետափ, Ռինդ, Արենի, Արփի և Քարագլուխ համայնքների դպրոցների <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցիչները, ինչպես նաև ցուցահանդեսին նկարներ ներկայացրած աշակերտները: ՔԴԿ-ի տնօրեն Ռ.Կարապետյանի կողմից   ամիսը մեկ անգամ Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում կազմակերպվել են Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հավաքներ, որի ընթացքում էլ որոշվեց կազմակերպել ցուցահանդեսներ՝ նվիրված Հին ու Նոր Կտակարաններին:

dsc03042 dsc03074

 Ցուցահանդեսին ներկայացված նկարների դիտումն անցնում էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների նվագակցության ներքո: Նվագակցող սաներից մեկն էլ թեմի շնորհալի սան Մերի Պողոսյանն էր: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցչուհի Հրանուշ Եսայանը, որից հետո երեխաներն ու ուսուցիչներն ստացան խրախուսական նվերներ:

Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին աշակերտների նկարները, որոնցում պատկերված էին Հին Կտակարանի պատումների հետաքրքիր դրվագներ: Կային կտավներ, որոնցում պատկերել էին Նոյին` իր հանրահայտ տապանով:

Ցուցահանդեսի կազմակերպիչները պատրաստել էին խորհրդանշական Կենաց ծառ, որի վրա կային իմաստուն խոսքեր, որոնք <<Առակաց>> գրքից էին:
Միջոցառումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Երեխաները ներկայացնում էին իրենց աշխատանքները` յուրօրինակ մեկնաբանություններ տալով և միաժամանակ աշխուժորեն պատասխանելով թեմակալ առաջնորդի հարցերին:  Նման ցուցահանդեսները ոչ միայն նպաստում են <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի դասաժամերը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելուն, այլ նաև հնարավորություն են տալիս տաղանդավոր երեխաներին հայտնաբերելու և խրախուսելու:

Սիրան Սարգսյան
 Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ


Արենիի եկեղեցու նոր դռների օրհնությունը

Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց Ձորի թեմում այս տարի առանձնակի հանդիսավորությամբ ու շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Սեպտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի մարզ` մասնակցելու մի շարք միջոցառումների:

Վայոց Ձորի Արենի գյուղի մատույցներում Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեցին թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանը, բարերարները: Արենիի բնակիչներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծափողջույններով և աղուհացով դիմավորեցին Սբ. Աստվածածին եկեղեցու բակում: Դռնբացեքի արարողությունն սկսվեց եկեղեցու նոր քանդակազարդ դռների առջև, ապա աղոթքից հետո <<Ուրախ լեր, Սուրբ Եկեղեցի>> շարականի ներքո ամենքը մուտք գործեցին եկեղեցի:

Տերունական աղոթքից հետո եկեղեցու բակում ժողովրդի անունից Նորին Սրբությանն ու ներկաներին ողջունեց Արենիի համայնքի ղեկավար Ժիրայր Եղյանը. <<Պատմական օր է այսօր Արենիի համար, որովհետև համայք է այցելել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դեռևս Օրբելյանների ժամանակներից Արենին դարձել էր Վայոց Ձորի կարևոր հոգևոր կենտրոնը: Մոմիկի կողմից 1321թ.-ին կառուցվել է Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցին: 1997թ.-ին Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ Մկրտչյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է Արենիի եկեղեցին և վերաօծվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռամբ: Դրանից հետո հոգևոր կյանքը բավականին ակտիվացել է համայնքում, եկեղեցին դարձել է գործող: Շատ եկեղեցական արարողություններ են կատարվել եկեղեցու կամարների ներքո: Այսօր նույնպես կարևոր օր է, քանի որ մեր բարերարների օժանդակությամբ փոխվեցին եկեղեցու դռներ>>:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև բարիգալստյան խոսքով հանդես եկավ նաև թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ով Վեհափառ Հայրապետին ներկայացրեց բարերարներ Գրիգոր, Սամվել Գրիգորյաններին ու Հարություն Ենոքյանին, որոնց ազնիվ նվիրատվությամբ տեղադրվել են եկեղեցու նոր քանդակազարդ դռները: Այնուհետև Արենիի ժողովրդին իր օրհնության խոսքն ուղղեց Նորին Սրբությունը` պատգամելով հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին և Հայ Եկեղեցու վարդապետությանը, փարված մնալ հոգևոր արժեքներին և աստվածահաճո կյանքով ապրելով` իրենց նպաստը բերել ազգային կյանքին: Ի գնահատություն բարերարների եկեղեցանվեր ոգու` Վեհափառ Հայրապետի կողմից նրանց հանձնվեցին Հայրապետական օրհնության գրեր:

Վերջում կատարվեց ժողովրդական տոնախմբություն, որն ուղեկցվեց հարիսայի հյուրասիրությամբ:

Վարդանանց հիշատակին նվիրված խաչքարի օծումը

Այնուհետև Նորին Սրբությունն այցելեց Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի` օծելու եկեղեցու բակում տեղադրված նոր խաչքարը:

Վեհափառ Հայրապետին ու նրան ուղեկցողներին ավանդական աղուհացով ողջունեց թեմի շնորհալի սան Ռիտա Սարդարյանը՝ զգեստավորված ազգային տարազով:

5-րդ դարում կառուցված Սրբոց Վարդանանց եկեղեցու հիմքերի մոտ, Սբ. Աստվածածին եկեղեցու բակը զարդարող խաչքարը նվիրված է Վարդանանց նահատակների հիշատակին, որի վրա արձանագրված է Վարդանանց դյուցազուններին առաջնորդող խոսքը. <<Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն>>:

Եկեղեցում կատարված համատեղ աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցու բակում կանգնեցված քառաթև խաչքարի օծման արարողությունը:

Օծման ավարտին Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, ողջունելով ներկաներին, անդրադարձ կատարեց մեր տարածաշրջանում կատարված շատ կարևոր դեպքերի մասին: Նա իր խոսքում մասնավորաբար ասաց. <<Հիմա մենք գտնվում ենք պատմական այնպիսի մի վայրում, որը դարեր շարունակ եղել է սրբատեղի, որտեղ նահատակված են հայ դյուցազունները, որոնց շնորհիվ հայը կարողացավ պահել իր հավատն ու սրբությունները և քրիստոնյա հայ մնալու արժանապատվությունը: 451թ.-ի նշանավոր Ավարայրի ճակատամարտից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց Ձոր, այնտեղից Արցախ անցնելու համար: Նրանց հետապնդում էր պարսկական զորքը: Եվ այդ առիթով Արփա և Եղեգիս գետերի միախառնման վայրից 2.5 կմ դեպի հյուսիս արևելք գտնվող Քյոշք կոչվող բլուրի մոտ, որը, ի դեպ, հանդիսանում է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների Կիկլոպյան ամրոց: Եվ հենց այդ վայրում էլ տեղի է ունենում մեծ ճակատամարտ, որտեղ ուժերի անհավասարության պատճառով զոհեր են տալիս, զոհվում է նաև Մարտիրե զորավարը: Նահանջելով Վարդանանց քաջերը` 4 մարտեր են մղում Վայոց Ձորի տարածքում` այժմյան Եղեգնաձոր, Վերնաշեն և Եղեգիս գյուղերի մոտ ու Ցախաց քար կոչվող վայրում: Հետագայում Գյուտ կաթողիկոսի նախաձեռնությամբ բերդին կից կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին` սրբատաշ ու երկգմբեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց…>>:

Այնուհետև առաջնորդ Աբրահամ Սրբազանն անդրադարձավ պատմական եկեղեցու հայտնաբերման կարևորությանը ու խորհրդին, ապա Նորին Սրբությանը հրավիրեց իր օրհնությունը բերելու ներկա ժողովրդին և խաչքարի բարերարներին: Վեհափառ Հայրապետը շնորհավորեց եղեգնաձորցիներին խաչքարի կանգնեցման առիթով, որի օծումը կատարվեց Խաչվերացի տոնին:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց խաչի խորհրդին և նրանից ճառագող հրաշագործ զորությանը, որ դարեր շարունակ պահպանել, գոտեպնդել և խանդավառել է հայ ժողովրդին: Նորին Սրբությունը բարերարներ Սամվել Գրիգորյանին, Սամվել Հովհաննիսյանին, Արթուր Սարգսյանին ու Աշոտ Օրդուխանյանին օրհնության գրեր հանձնեց` իր մասնավոր գնահատանքը բերելով եկեղեցու հանդեպ ունեցած նրանց նվիրումի համար: Նրանք խոստացան շարունակել եկեղեցու տարածքում պեղման աշխատանքները, որոնք նոր լույս պիտի սփռեն մեր պատմության անհայտացած էջերի վրա:

Սիրան Սարգսյան

      Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

 

Արկազի Սուրբ Խաչ վանքի վերաօծումը

 

Այս գեղեցիկ արարողությունից հետո Նորին Սրբությունն ուղևորվեց Վերնաշենի Սուրբ Խաչ պատմական վանքը, որն ամբողջովին վերանորոգվել, բարեկարգվել և պարսպապատվել է ռուսաստանաբնակ բարերար Վարդան Հայրապետյանի շնորհիվ: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ, ուր Վայոց Ձորի բնակիչները հնարավորություն կունենան կնունքի և պսակի արարողություններ իրականացնել:

Այդ առիթով Վեհափառ Հայրապետը, օրհնելով տարբեր շրջաններից ուխտի եկած հարյուրավոր հայորդիների, <<Հրաշափառ>> շարականի երգեցողության ներքո մուտք գործեց վանք, ուր հանդիսապետեց վանքի վերաօծման արարողությունը:

Շարականների, սաղմոսների ու աղոթքների ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն օծեց Սուրբ Սեղանը, իսկ Նաթան ու Արտակ Սրբազանները կատարեցին սյուների օծումը:

Վերջում Վայոց Ձորի թեմի առաջնորդ Սրբազանը վերստին ողջունեց Վեհափառ Հայրապետի այցը Վայոց Ձոր, ապա հրավիրեց Նորին Սրբությանն օրհնել ներկա հավատավոր ուխտավորներին: Գոհություն հայտնելով Աստծուն պատմական տաճարի վերաօծման առիթով` Նորին Սրբությունը ներկայացրեց Խաչվերացի տոնի խորհուրդը, որը սերտորեն առնչվում է Արկազի Ս. Խաչ վանքի հետ: Անդրադառնալով բազում ուխտավորների ներկայությանն արարողությանը` Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նշեց. <<Հիրավի, ցնծության և բերկրանքի մեջ է մեր հոգին, որ դարերի ավանդույթը շարունակվում է այս սրբավայրի սրբազան կամարների ներքո, և մեր զավակները նախանձախնդրությամբ գալիս են այստեղ ուխտի, գալիս են իրենց խոնարհումը մատուցելու Քրիստոսի խաչափայտի մասունքին, գալիս են հաղորդակցվելու իրենց հայրերի սրբազան հավատքին, իրենց ուխտը վերանորոգելու առ Աստված, որ պիտի շարունակեն աստվածահաճո իրենց կյանքի ընթացքը բարի գործերով>>:

Նորին Սրբությունը հորդորեց հավատացյալներին, որ, տոնի խորհրդին հաղորդ լինելով, ապրեն խաչի օրհնության ներքո երջանիկ ու գոհունակ կյանքով` աստվածփառաբանության խոսքերը իրենց շուրթերին: Վեհափառ Հայրապետը նաև մասնավոր իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդին` նրան շնորհելով եպիսկոպոսական պանակե, իսկ նորաօծ վանքին նվիրաբերեց Սուրբ Հաղորդության սկիհ:

Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց մարզպետին և մարզային իշխանություններին` թեմի ծրագրերին և եկեղեցականաց դասին ցուցաբերվող զորակցության համար: Նորին Սրբությունը բարձր գնահատանքի արժանացրեց նաև Ս. Խաչ վանքի նորոգության և բարեկարգման բարերարին: Այս առիթով Նաթան եպիսկոպոսի կողմից ընթերցվեց բարերար Վարդան Հայրապետյանին շնորհված Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնավորապես ասվում է. <<Մեծարգո պրն. Հայրապետյան, ուրախ ենք Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչյանից տեղեկանալու Ռուսաստանի Դաշնության հասարակական կյանքում Ձեր բեղուն գործունեության մասին: Գովելի է, որ Դուք ազնիվ ու անհոգնաբեկ աշխատանքով արձանագրել եք մնայուն հաջողություններ մասնագիտական ասպարեզում, որոնք գնահատված են ՌԴ մեդալներով ու շքանշաններով: Հայրապետիս համար անկեղծ գոհունակություն է, որ Դուք առ հայրենին ու առ մեր Սուրբ Եկեղեցին որդիական անկեղծ, ինքնաբուխ սիրով հանձն առաք հովանավորել Վայոց Ձորի Սուրբ Խաչ վանքի նորոգության և հանդիսությունների սրահի ու հովվատան կառուցման աշխատանքները…>>:

Հայրապետական կոնդակի ընթեցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով պարգևատրեց բարերարին: Արարողությունը եզրափակվեց <<Պահպանիչ>> աղոթքով: Վերաօծման արարողությունից հետո Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մարզպետ Սերգեյ Բագրատյանը և բարերար Վարդան Հայրապետյանը կատարեցին բացումը վանքի տարածքում կառուցված ընդարձակ սրահի, որից հետո Նորին Սրբությունը ծանոթացավ կատարված աշխատանքներին, այցելեց նաև վերանորոգված վանատունը: Վերջում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որին մասնակցեցին <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլը` ղեկավարությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի և <<Կարին>> ավանդական երգի-պարի համույթը` ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:

Այսօր վերստին փայլում է Խաչը մեր հոգում ու մեր Եկեղեցում: Տա Աստված, որ մենք տեսնենք այն ու զորանանք նրանով, որպեսզի Խաչը լուսավորի մեր ճանապարհը այժմ և հավիտյան:

Ռուզան Կարապետյան

          Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


<<Այսօր տեսեալ զսուրբ կոյսն թռուցեալ յօդս եւ

ամպեղէն կառօքն ի վեր համբարձեալ յերկինս>>:

ՇԱՐԱԿՆՈՑ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

This slideshow requires JavaScript.

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, որ բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում: Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Սբ. Կույսի մահանալը <<ննջել>> բառով են արտահայտում` ցույց տալու համար  նրա` երկինք վերափոխվելը:

Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

Օգոստոսի 14-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ.Պատարագ, որի ավարտից հետո կատարվեց խաղողօրհնեքի արարողություն:

Հայոց եկեղեցին, օրհնելով խաղողը, օրհնում է տարվա ամբողջ բերքը:

Վայոց Ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից Եղեգնաձորի առաջնորդարանի բակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին: Միջոցառմանը ներկա էին Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ծնողներ, հյուրեր, ինչպես նաև Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի Եղեգնաձորի, Մալիշկայի, Ագարակաձորի, Գետափի, Գլաձորի և Վերնաշենի կրտսեր, միջին և ավագ խմբերի սաները:

Ներկաներին հաճելի անակնկալ մատուցեցին թեմի կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր ներկայացրին այս հրաշալի տոնի իմաստն ու խորհուրդը: Ելույթ ունեցողները հիացրին հանդիսատեսին հայ հին  և միջնադարյան քնարերգության բարձրարվեստ նմուշներով` գրաբար ներկայացնելով Մովսես Խորենացու <<Լոյս, լուսոյ մայր>> և հայ առաջին բանաստեղծուհի Սահակադուխտ Սյունեցու  <<Սրբուհի Մարիամ, անապական տաճար>> գործերը: Այնուհետև ասացին Ներսես Շնորհալու նշանավոր հանելուկներից.

Զարմանք ասեմ քեզ սիրելի,

Կին մի ծնաւ գռուզ որդի,

Տղայն ունի ալիք ծերի,

Երբ ծերանայ դառնայ սեւի: /Խաղող/

Միջոցառումն ավարտվեց <<Հայաստանի անուշ խաղող>> երգով, որի հնչյունների ներքո ներկաներն ստացան օրհնված խաղող:

Նման միջոցառումները  ճանաչողական  նշանակություն ունեն Հայոց եկեղեցու կողմից ստեղծած ու մեզ հասած մշակութային բազմաթիվ արժեքների, ազգային սովորույթների, ծեսերի և տոների մասին:

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

ԱԶԳՈՎԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՎԵՆՔ


Հիսուսի Պայծառակերպությունը մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Այն կատարվում է Զատկից 14 շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը: Քրիստոնեական հասկացողությամբ Վարդավառը Քրիստոսի աստվածության բացահայտումն է:

Քրիստոս Իր երեք աշակերտների` Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրանում է Թաբոր լեռը, ուր նրանց երևում են Մովսես և Եղիա մարգարեները: Քրիստոս, մինչ խոսում է նրանց հետ, այլակերպվում է. Նրա հագուստները դառնում են ձյունից ավելի սպիտակ:

Այս դեպքը մեծ տպավորություն է թողնում աշակերտների վրա և նրանց հիշողության մեջ մնում իբրև կարևոր իրադարձություն, որ հետագայում վերածվում է տոնի:  Տոնը հայտնի է դեռևս 4-րդ դարից: Եկեղեցու ավանդությունը պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որ Կոստանդին Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, Թաբոր լեռան վրա կառուցի եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպվելու: Հուլիսի 31-ին Վայոց Ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ջանքերով կազմակերպվեց միջոցառում` նվիրված Պայծառակերպությանը կամ ինչպես ժողովուրդն է անվանում Վարդավառին, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի առաջնորդարանի բակում:

Սուրբ Պատարագի ավարտից անմիջապես հետո Սբ. Աստվածածին եկեղեցու հավատացյալները եկան առաջնորդարանի բակ` ներկա գտնվելու Վայոց Ձորի թեմի սաների ելույթին:

This slideshow requires JavaScript.

Միջոցառման մասնակիցներին իր ողջույնի խոսքն ասաց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը` միջոցառումը սկսելով <<Հայր մեր>>-ով: Մասնակիցները ներկայացրին Պայծառակերպության տոնի իմաստն ու խորհուրդը, փոքրիկ բեմականացմամբ ցույց տվեցին Հիսուսի պայծառակերպվելը, ապա երգ ու պարով, հանելուկներով և Գրիգոր Նարեկացու <<Տաղ Վարդավառին>> բանաստեղծությամբ եզրափակեցին միջոցառումը: Շենքի պատերը  զարդարում էին Եղեգնաձորի ՔԴԿ-ի խմբակների ակտիվ սան, Եղեգնաձորի թիվ 2 միջն. դպրոցի աշակերտ Ալբերտ Գյուլնազարյանի գեղեցիկ գեղանկարները, որոնք համահունչ էին տոնին:

Առաջնորդարանի բակը լեցուն էր Վայոց Ձորի թեմի սաներով, Եղեգնաձորի զորամասի զինվորներով, ծնողներով և հյուրերով: Միջոցառման ավարտին երեխաները իրար վրա ջուր ցողեցին… Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա մի հին ավանդություն, որ թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում:
Նույն օրը նման ուրախ միջոցառում տեղի ունեցավ նաև Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում, որին ներկա էին Տեր Վազգեն քահանան, ՔԴԿ-ի ուսուցիչները և աշակերտները:

Այս տոնը հրավեր է մեր ժողովրդին` հավատարիմ մնալու իր հավատքին և իր եկեղեցուն: Նայենք լեռների բարձունքներին կանգնած մեր վանքերին, որոնք սրբավայր են և գանձատուն մեր հայրերի հավատքի: Նայենք մեր բլուրների և դաշտերի վրա ցանված խաչքարերին և հիշենք մեր հայրապետներին ու սրբերին, որոնք մեզ համար մի հրաշալի բարձունք են կառուցել, որ կոչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Միայն հայը կարող է զգալ լեռան խորհուրդը և ամենևին էլ պատահական չէ, որ հայկական տաճարները, որպես նաև ճարտարապետական կոթողներ, լեռ են հիշեցնում: Հայի համար վանքն ու լեռը Թաբոր լեռան խորհուրդն ունեն, որի վրա կատարվեց Հիսուս Քրիստոսի պայծառակերպության իրական խորհուրդը:

Ով հայ է և քրիստոնյա, պետք է հասկանա, որ մեր Մայր Եկեղեցին է միայն, որ և’ հայկական է, և’ քրիստոնեական:

Ուստի, այսօր Սբ. Էջմիածինը թող Թաբոր լեռը դառնա հայ ազգի համար, որպեսզի ազգովի պայծառակերպվենք ու լցվենք աստվածային լույսով:

Ռուզան Կարապետյան
Վայոց Ձորի թեմի
ՔԴԿ-ի տնօրեն

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ


Հունիսի  մեկին մարդաշատ էր Մալիշկա գյուղի Սուրբ Աննա եկեղեցին:
Ամռան առաջին օրը երեխաների համար յուրօրինակ, ուրախ, տոնական միջոցառում էր կազմակերպել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Եկեղեցի էին այցելել տարբեր տարիքի շատ երեխաներ` իրենց ծնողների, տատիկների, ուսուցիչների, հարազատների հետ: Եկեղեցու պատերը դրսից զարդարված էին երեխաների գեղանկարչական աշխատանքներով (Մալիշկայի  թիվ 1 միջն. դպրոց, ուսուցիչ` Ա. Հակոբյան), իսկ եղևնիները զարդարող փուչիկներն  առավել տոնական տեսք էին հաղորդում շրջապատին:

This slideshow requires JavaScript.

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ողջունելով մասնակիցներին,  ասաց, որ հայ եկեղեցին միշտ ուշադրության կենտրոնում է պահել հայ մանուկների կրթության ու դաստիարակության սուրբ գործը: Եզրափակիչ խոսքում քահանան ցանկացավ մեծ եռանդ ու  սեր ուսման հանդեպ և երկու դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին նվիրեց <<Մանկական Աստվածաշունչ>>: Իրենց գեղեցիկ ելույթով հանդես եկան թիվ 2 մանկապարտեզի սաները: Փոքրիկներից յուրաքանչյուրի ելույթը շատ հաջող էր, և ծնողների դեմքերը փայլում էին ուրախությունից:

Մասնակիցներին հետաքրքիր անակնկալ էին պատրաստել Վայոց Ձորի թեմի կիրակնօրյա դպրոցի սաները. հյուր էին եկել երեխաների կողմից սիրված հերոսները`  հզոր առյուծը, գայլն ու մկնիկները, կոկորդիլոսն ու  փղիկը, որոնք թեկուզ շոգից լավ վարդագունեցին, բայց և կարողացան երեխաների օրը վերածել իսկական տոնի, իսկ երբ մասնակից երեխաներին բաժանվեցին համով  պաղպաղակներ, կարծես ամենքն էլ իրենց զգացին հեքիաթային աշխարհում:

Երեխաները նաև գունավոր կավիճներով սկսեցին նկարազարդել  սալահատակն իրենց երևակայության պատկերներով` փոքրիկ եկեղեցի, արև, պարտեզ, ծաղիկներ…
Արա Աբրահամյանի հովանավորության շնորհիվ ոչ միայն կառուցվեց Սուրբ Աննա եկեղեցին, այլ  նաև եկեղեցու մերձակա տարածքը տարեցտարի ծաղկեց. ծաղկեց  ծիրանենիներով, թփուտներով, ծաղիկներով, իսկ ռուսական անտառի գեղեցկուհիները` արծաթափայլ ու կանաչ եղևնիները,  ամենօրյա խնամքի շնորհիվ աճում ու մեծանում են:
Նույն օրը նման միջոցառում տեղի ունեցավ նաև Եղեգնաձորի Մոմիկի անվան այգում, որտեղ մեր հեքիաթի հերոսներն ուրախացրին փոքրիկներին` այգին լցնելով երեխաների երգ ու պարով, խինդ ու ծիծաղով:

Այստեղ  շրջում էր <<ուրախ մեքենան>>, որը զարդարված էր փուչիկներով: Հնչում էր մանկական երաժշտություն: Մեքենայի զվարթ ուղևորներն ուրախացնում էին անցորդներին:

Սիրան Սարգսյան

                                                                                Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին